Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյանի մայիսի 9-ը

Նիկոլ Փաշինյանի մայիսի 9-ը
10.05.2018 | 08:19

Երկրորդ օրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնաց Ստեփանակերտ: Պաշտոնական հանդիպումներից հետո ասուլիսում նրան հարցրին` ինչու՞ առաջին այցը որևէ գերտերություն չէր և ստացան դասական պատասխան` «Ո՞վ ասաց, որ Արցախը գերտերություն չէ»: Իսկապես` ո՞վ ասաց: Հայաստանի համար` հաստատ:


Երեկ Ստեփանակերտում հասկանալի դարձավ, թե հայկական կողմը ինչ տեսակետ է ներկայացնելու ԼՂ հարցով բանակցություններում: Ոչ մի նորություն` պետք է ջանքեր գործադրել ԼՂ հիմնախնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար. «Մենք երկար տարիների բանակցությունների ընթացքում ոնց որ թե ինչ-որ մի տեղ համարել ենք, որ միջազգային հանրությանն արդեն իսկ պարզ է, թե ինչ խնդիր է Արցախի խնդիրը, բայց կարևոր չենք համարել ներկայացնել խնդրի էությունը: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք նոր ջանքեր գործադրենք՝ խնդրի էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար»,- ասուլիսում ասաց Փաշինյանը: Մանավանդ, դա պետք է անել ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը անմարդկային վայրագություններով աչքի ընկան: Հենց այդ վայրագությունների մեջ է արտահայտվում Ղարաբաղի հարցի էությունը: «Կոնֆլիկտն սկսել է այն պահից, երբ ԼՂ ժողովուրդն այդ վայրագություններից պաշտպանվելու կարիք է ունեցել: Եվ այստեղ տերիտորիան ընդհանրապես կապ չունի»,- ասաց Փաշինյանը:


Նա նշեց, որ բանակցությունները պատկերացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում: Ըստ այդ մանդատի՝ Արցախը հակամարտության լիիրավ կողմ է:
«Հետևաբար, ես համարում եմ, որ բանակցությունները պետք է տեղի ունենան Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով՝ լիարժեքության պայմաններով»,- նշեց նա և հիշեցրեց, որ Վիեննայում ձեռք բերված համաձայնության շրջանակներում շփման գծում պետք է հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, որոնք կպարզեն, թե որ կողմն է խախտում հրադարադի ռեժիմը: Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է ջանքեր գործադրել այդ մեխանիզմի ձևավորման համար, դրանից հրաժարվում է Ադրբեջանը:


Հատուկ կարևորություն ենք տալիս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերություններին` տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված առաջին մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում։ «Որևէ կասկած չկա, որ այդ հարաբերությունները կզարգանան, ձեռք կբերեն նորանոր դրսևորումներ, և կարծում եմ՝ նոր շունչ ու թափ կտրվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանդիպումներ է ունեցել ԱՀ ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ, ՊԲ հրամանատարի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ, լսել է զեկույցներ, ստացել անհրաժեշտ տեղեկություններ և պայմանավորվել են՝ ինչ քայլերով են գնալու առաջ: «Այսօրվա քննարկումների արդյունքում բոլորս համոզվեցինք, որ ԱՀ և ՀՀ անվտանգության ապահովումը կլինի արդյունավետ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ամեն ինչ անելու է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու համար, իսկ թե ինչ քայլերի շնորհիվ, պատասխանեց. «Պետք է հստակ պատասխանել հարցի, ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե՞ չենք ուզում։ Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղյան հարցը, անտրամաբանական է հարցը քննարկել մի ֆորմատով, որում չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային ֆորմատը լուծել մի հարցը, որի առանցքային մասնակիցներից մեկը մաս չէ։ Այսինքն՝ սա էմոցիաների խնդիր չէ, պրագմատիկ խնդիր է՝ լուծո՞ւմ ենք, թե ոչ: ՀՀ անունից կարող է խոսել ՀՀ իշխանությունը, ՀՀ-ն հակամարտության կողմ է, և լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախը»,-ասաց նա:


Փաշինյանը նշեց, որ հայկական կողմերը խաղաղ հանգուցալուծման կողմնակից են: «Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն, ինչը խնդրի կարգավորմանը չի կարող նպաստել»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության առաջ որևէ կերպ չեն ընկրկի, առավել ևս հիմա, երբ ժողովուրդն ու ազգը միասնական է առավել քան երբևէ:


Փոխզիջումների հարցով` քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը գրավելու մասին, փոխզիջումների մասին խոսքն անիմաստ է: «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որը Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է: «Որովհետև Արցախի խնդիրը ծագել է, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂ ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլ ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքին ու անվտանգության իրավունքին, իրենց ինքնության իրավունքին: Այսինքն՝ սպառնալիք է ստեղծել Արցախի ժողովրդի գոյության համար, որն արտահայտվել է կոնկրետ գործողություններով, խաղաղ բնակչության դեմ ռազմական պայքար մղելով»,-ասաց նա:
Հիմնականում այսքանը: Սկզբի համար` ոչինչ: Եթե ընտրվել է ռազմավարությունը մաս-մաս ներկայացնելու ու բուն բանակցության համար անակնկալ պահելու քաղաքականությունը, նույնիսկ լավ է:

Իսկ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցող փոխվելու պարագան` այն էլ այսպիսի իրավիճակում, պետք էր գտնել շատ ավելի ազդեցիկ տարբերակ, քան Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելը և բանակցության պատասխանատուն դարձնելը` Հայաստանին վերապահելով լիարժեք խոսքի իրավունք: Առավելապաշտական ձգտումների մասին չէ խոսքը` իսկզբանե մերժելով որևէ փոխզիջում: Ակնհայտ է, որ Ալիևը ու Մամեդյարովը նորից խոսելու են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերից ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից` միայն «օկուպացված» տարածքների վերադարձից հետո համաձայնելով ինչ-որ քննարկման: Դա նրանց «պրագմատիզմն» է, որին հայկական կողմը պետք է հակադրի ոչ այն պատասխանը, որ շրջանառվում է տարիներով` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչում: Մայիսի 14-ին Սոչիում կլինի առաջին փորձությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես Ստեփանակերտից տեղեկացանք, որ ԱԺ քաղաքական ուժերի հետ կսկսվեն քննարկումներ՝ կառավարության ձևավորման շուրջ, որ արդեն այսօր ստուգվելու է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին տված հանձնարարականը՝ ներմուծել անխտիր բոլոր ապրանքները, իսկ մաքսազերծումը կատարել առավել արագ, որ կառավարությունը միջոցներ կձեռնարկի իշխանությունը հավասարակշռելու համար` նախագահի, կառավարության, վարչապետի և Ազգային ժողովի միջև, գուցե վերանա առաջին փոխվարչապետի պաշտոնը, որ վերանայվելու է դեսպանների, հյուպատոսների նշանակման սկզբունքը` հօգուտ կադրային դիվանագետների, և այլն, և այլն: Դա կոչվում է պետական կառավարում, որտեղ ամեն պահ պիտի պատրաստ լինես որոշում ընդունել:

Դիտվել է՝ 5019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ